Երեկ բոլորիս ուշադրության կենտրոնում Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն էր: Դրանից ընդամենը րոպեներ անց Թուրքիան Գերմանիայից հետ կանչեց իր դեսպանին` Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին: Հաջորդ քայլը Թուրքիայի նախագահինն էր, ով Քենիայից սպառնաց. «Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը լրջորեն կվնասի Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին: Վերադառնալուց հետո այս ամենը կքննարկենք և կորոշենք, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել»:
Փոխարենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով իր երկրի խորհրդարանի որոշմանը, փաստել է. «Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ»: Այդուհանդերձ, հիշեցնելով, որ ԳԴՀ-ում ապրող և թուրքական արմատներ ունեցող շուրջ 3 մլն քաղաքացի կա, Մերկելը սիրաշահում է Թուրքիային. «Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում: ՈՒստի ես և ԳԴՀ-ի ամբողջ կառավարությունը մտադիր ենք ավանդ ներդնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման գործում»:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց. «Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեստագի ընդունած այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։ Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»:
Բանաձևի ընդունմանը բավականին սառը արձագանքեց Ռուսաստանը: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մակարդակով ասվեց, որ Գերմանիայի ներքին գործն Է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման փաստը: ՌԴ այս դիրքորոշումը, ավելի ճիշտ, դիրքորոշման բացակայությունը, հայկական սոցիալական ցանցերում բավականին կոշտ արձագանքների արժանացավ:
Բունդեստագի որոշմանը անդրադարձել են նաև միջազգային առաջատար լրատվամիջոցները:
Իսկ Գերմանիայի Բունդեստագի դիմաց հավաքված հայերն իրենց ուրախությունն արտահայտել են քոչարի պարելով՝ Հայաստանի եռագույնի ծածանմամբ:
Հավելենք, որ Բունդեստագի ընդունած բանաձևի տեքստում մասնավորապես նշված է. «Գերմանիայի Բունդեստագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան կայսրությունում... Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սկսվեցին մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այլ ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը... Բունդեստագը ցավում է Գերմանական կայսրության անփառունակ դերի համար, որը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների հաղորդած միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեստագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ... 2015 թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեստագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները և հատկապես ԳԴՀ նախագահը, այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին: Բունդեստագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը` անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի... Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում` ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս` ավանդելով այն գալիք սերունդներին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ